May 25

Օձերից պաշտպանվելու եղանակներ

Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել:

Ոչ թունավոր օձերի խայթոցների դեպքում վերքը լվացեք և մշակեք յոդով, տեղադրեք վիրակապ: 99.9% դեպքերում ամեն ինչ ընթանում է առանց բարդությունների:

Իսկ եթե խայթել է թունավոր օձը, ապա պետք է․

  • Նախ և առաջ հետ քաշվել, քանի որ օձը կարող է կրկին հարձակվել և կրկին խայթել:
  • Պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել: Սա վերաբերում է և՛ տուժածին, և՛ օգնություն ցուցաբերողին: Հիշե՛ք՝ օձի խայթոցից ոչ ոք անմիջապես չի մահանում: Հայաստանի օձերի դեպքում դուք ունեք մի քանի ժամ, մինչև թույնը կսկսի ազդել: Այնպես որ դուք բավականաչափ ժամանակ ունեք տուժածին և՛ օգնություն ցուցաբերելու, և՛ հիվանդանոց տեղափոխելու համար:
  • Եթե շրջակայքում այլ մարդիկ կան, ապա որևէ մեկին ուղարկեք ահազանգելու: Ձեզ մոտ անպայման նշեք խայթելու ժամը:
  • Անհապաղ սկսեք արտածծել թույնը: Իհարկե, դա դժվար գործողություն է, սակայն հիշեք, որ 5 րոպե արտածծելու ընթացքում կարելի է հեռացնել թույնի կեսը:

Ինչպե՞ս կատարել արտածծումը

Արտածծելու համար ծալքի ձևով բռնեք խայթված մասը և այնպես սեղմեք, որ խայթած երկու վերքերից երևան արյան կաթիլներ: Այնուհետև 10-15 րոպեի ընթացքում արտածծեք առավելագույն քանակությամբ արյուն և անընդհատ թքեք: Վերջում բերանը ողողեք ջրով: Հաշվի առեք, որ արյան միջոցով տուժածից ձեզ կարող են փոխանցվել տարբեր վարակներ՝ հեպատիտ, ՁԻԱՀ և այլն: Նաև հաշվի առեք, որ եթե բերանի խոռոչում ունեք բաց վերք կամ վնասված ատամ, ապա արտածծած թույնը կարող է ձեզ նույնպես խոցել: Սակայն խուճապահար նույնպես չարժի լինել, քանի որ թույնն ազդում է միայն արյան մեջ հատնվելու դեպքում: Այնպես որ, եթե արտածծած զանգվածը պատահաբար կուլ գնա, ոչ մի վնաս չի պատճառի ստամոքսում:

Պաշտպանություն թունավոր օձերից

Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ արտածծել թույնը, ապա 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած մասի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից: Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել վերքի վրա: Այս գործողությունը ևս թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից դադարի արյուն դուրս գալ:

Անպայման պառկեցրեք տուժածին

  • Տուժածին պառկեցրեք կողքային անվտանգ դիրքում՝ սաղմնային դիրքով:
  • Ոչ մի դեպքում նրան թույլ չտաք շատ շարժվել, կտրուկ շարժումներ անել, խայթված վերջույթը թափահարել, ինչպես նաև փորձել բռնել և սպանել խայթած օձին:
  • Խայթված վերջույթը պետք է սրտի մակարդակից ներքև գտնվի, որպեսզի դժվարացնենք արյան հոսքը դեպի սիրտ:
  • Ախտահանեք խայթած հատվածը ջրածնի պերօքսիդով:
  • Ախտահանելուց հետո սեղմող վիրակապ դրեք ստերիլ բինտից: Ոչ մի դեպքում չտեղադրեք լարան, դա միայն կվնասի տուժածին:

Տուժածը չպետք է շարժվի

  • Տուժածը չպետք է շարժվի, այլապես թույնն արագ կտարածվի ողջ մարմնով: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա ստիպված է շարժվել, ապա դա պետք է արվի հնարավորինս հանդարտ, առանց խուճապի և կտրուկ շարժումների, որպեսզի լրացուցիչ սթրեսի չենթարկվի:
  • Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակի ժամանակ սիրտն արագ է աշխատում և նպաստում, որ թույնն ավելի արագ տարածվի ողջ մարմնով:

Պաշտպանություն թունավոր օձերից

  • Հանեք տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը՝ ժամացույցը, մատանիները, ապարանջանները, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ այտուցը կամ ուռածությունը կարող է զարգանալ շատ արագ, և տարածվել:
  • Տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք՝ ջուր, հյութեր, հանքային ջուր:
  • Անընդհատ հետևեք տուժածի գիտակցությանը, շնչառությանը և սրտի աշխատանքին կամ անոթազարկին:

Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել.

Օձի հարձակման ժամանակ մարդիկ հիմնականում մահանում են ոչ թե բուն խայթոցից, այլ սխալ կերպով ցուցաբերած օգնությունից:

Այդ պատճառով օգնություն ցուցաբերելիս հիշեք.

  • Չի կարելի խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան դնել:
  • Լարան դնելը ոչ միայն չի օգնում, այլև ավելի է ծանրացնում տուժածի վիճակը: Լարանը կարող է պատճառ դառնալ, որ բժիշկները, տուժածի կյանքը փրկելու համար, ստիպված լինեն ոտքը կամ ձեռքը կտրել:
  • Չի կարելի ծակծկել կամ կտրվածքներ անել խայթոցի շրջանում: Դա բերում է արյունահոսության, որի հետևանքով տուժածի վիճակը կարող է ավելի վատանալ: Բացի այդ կարող են վնասվել նյարդեր, զարկերակներ, ջլեր, իսկ վերքը կարող է թարախակալվել:
  • Չի կարելի այրել խայթոցի շրջանը շիկացած մետաղով կամ լուցկով, քանի որ այն ոչ միայն չի օգնում, այլև առաջացնում է շատ ուշ լավացող վերքեր:

Հայաստանի թունավոր օձերը

  • Չի կարելի սառույց դնել խայթոցի վրա: Այն կարող է հանգեցնել ցրտահարության և պարզապես անիմաստ գործողություն է, որը ժամանակ է խլում: Իսկ ժամանակը նման դեպքերում ամենակարևոր ռեսուրսն է:
  • Չի կարելի տուժածին ալկոհոլ առաջարկել:
  • Չի կարելի տուժածին տալ ուժեղ ազդող դեղամիջոցներ, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել վիճակը, երբ բժիշկները հիվանդանոցում տուժածին հետազոտեն:
  • Որպես ցավազրկող կարելի է տալ միայն Անալգին կամ Պարացետամոլ:


Posted May 25, 2023 by Ալեն Բաբայան in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*