April 4

Նվարդ Թումանյանի հուշերից

Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել
«… Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր. ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների* տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ: Տրամադրությունս վատացավ, տխրեցի. հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ «հայրդ ջրօրհնեքին մեռել է»:
Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում են: Առավոտը ժամը ինը եւ կեսը կլիներ, հանկարծ աչքիս երեւաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա եւ մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ: Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ ու շփոթված: Ասի՝ «բա՞ն ես ուզում ասել»: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ «չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ…» նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե «պապեն* փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն…»
Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե արդեն…
Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի… ամբողջ գիշերը չքնեցի…
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ:


Posted April 4, 2024 by Ալեն Բաբայան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*